Նոր iPhone 15 Pro-ն 30%-ով ավելի հզոր կլինի իր նախորդից

14 օգոստոսի, 2023  18:08

Այս տարվա աշնանը թողարկվելիք Apple iPhone 15 Pro ֆլագմանային սմարթֆոնը կատարողական բարձր ցուցանիշներ է ցուցաբերել Geekbench-ում: Թեստի արդյունքները հրապարակել է X-ի (նախկին Twitter) NaveenTechWala մականունով օգտատերը։

Դատելով լուսանկարից՝ նոր iPhone 15 Pro-ում տեղադրված Apple A17 չիպսեթը միամիջուկ և բազմամիջուկ պրոցեսորի թեստերի ժամանակ հավաքել է համապատասխանաբար 3269 և 7666 միավոր:

Գրաֆիկական թեստի արդյունքներով սմարթֆոնը հավաքել է 30,669 միավոր, ինչը 30%-ով ավելի է, քան Apple A16 Bionic չիպսեթով նախորդ սերնդի iPhone 14 Pro-ի ցուցանիշը: Բացի դրանից, նոր չիպը միամիջուկ և բազմամիջուկ թեստերի ժամանակ Snapdragon 8 Gen 3 պրոցեսորին գերազանցել է 47% և 15%-ով համապատասխանաբար:

Թե որքանով են այս արդյունքները համապատասխանում իրականությանը, հայտնի չէ: Ինչպես հայտնում է Rozetked պորտալը, թեստի տվյալները չեն գրանցվել Geekbench տվյալների բազայում, այդ պատճառով հնարավոր չէ հաստատել թեստի արդյունքները։

Geekbench.JPG (33 KB)

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն ինսայդեր Unknownz21-ը հրապարակել է iPhone 15 Pro-ի և Apple A17 չիպի բնութագրերը, որը կստանա վեց միջուկ՝ մինչև 3,7 ԳՀց հաճախականությամբ, վեց գրաֆիկական միջուկ և 6 ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողություն։ Ըստ արտահոսքի՝ չիպսեթը կարտադրվի TSMC-ի 3 նմ պրոցեսի միջոցով։

Ավելի վաղ NEWS.am Tech-ը հայտնել էր, որ միայն iPhone 15 Pro-ն և Pro Max-ը կստանան ամենավերջին Apple A17 Bionic չիպը։ Բացի դրանից, հայտնի էր դարձել, որ iPhone 15 Pro-ն տիտանե շատ նեղ շրջանակ կստանա։

iPhone 15 սմարթֆոնների պրեզենտացիան նախատեսված է սեպտեմբերի առաջին կեսին։


 
 
 
 
  • Արխիվ